Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 20 » Սթեմֆորդ Բրիջի Արքան․ՊԻՏԵՐ ՕՍԳՈՒԴ

Սթեմֆորդ Բրիջի Արքան․ՊԻՏԵՐ ՕՍԳՈՒԴ


1947թ․-ի փետրվարի 20-ին ծնվել է Սթեմֆորդ Բրիջի արքան՝ «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Պիտեր Օսգուդը։Այսօր նա կարող էր դառնալ 68 տարեկան,եթե չլիներ 2006թ․-ի մարտի 1-ի իր սրտի կաթվածը։

Անդրե Վիլաշ-Բոաշը իր առաջին հարցազրույցներից մեկում որպես «Չելսիի» մարզիչ ասաց․«Ես իմ նոր ակումբի հետ չեմ ցանկանում ուղղակի հաղթել։ Ես ցանկանում եմ հաղթել գեղեցիկ խաղով։ Բոլորը սիրում են հարձակվողական ֆուտբոլ»։

Գեղեցիկ խա՞ղ,թե՞ արդյունք․ ամենադժվար հարցերից մեկը ֆուտբոլի պատմության մեջ։ Ոմանք ընտրում են գեղեցիկ խաղը,վայելում են ամեն մի վայրկյանը խաղադաշտում․նրանց համար հաղթանակը ամենակարևորը չէ։ Մյուսները անում են ամեն ինչ,միայն թե խաղից հետո տոնեն հաղթանակը։ Իսկ կան ակումբներ,ովքեր համատեղում են գեղեցիկ խաղն ու արդյունավետ հաշիվը։

Մինչ Ռոման Աբրամովիչի հայտնվելը «Չելսիի» պատմության մեջ,ակումբի ամենահաջողված շրջանը 1960-ական և 1970-ական թվականներն էին։ Ներկայիս «Չելսին» ավելի շատ տիտղոսներ է հաղթել,բայց այն «Չելսիի» հաջողությունները նույնպես արժանի են հարգանքի։ Այդ «Չելսին» հայտնի էր իր ցուցադրած գեղեցիկ խաղով և անհատական ֆուտբոլիստների վարպետությամբ։ Նրանց մեջ առանձնանում էր Պիտեր Օսգուդը։ 

«Պիտերն իսկական շոումեն էր։ Նա վստահ էր,որ երկրպագուները գալիս էին խաղադաշտ՝ իր խաղը տեսնելու։ Համենայն դեպս, մեծ մասը հենց նրա համար էլ գալիս էին»,-ասում է Ալան Հադսոնը։

Օսգուդը շատ շուտ նվաճեց երկրպագուների սերը։ Նա բարձրահասակ էր,բայց միևնույն ժամանակ շատ արագ էր։ Նա շատ լավ էր աշխատում գնդակի հետ,լավ էր տեսնում խաղը և չէր վախենում համարձակ որոշումներ կայացնելուց։ 




«Այնպես էր ստացվում,որ իմ խփած առաջին գոլերը շատ գեղեցիկ ու լավն էին։ Այդ պատճառով մարդիկ ասում էին,որ իմ բախտն է բերում, և ես երկար չեմ կարող այդպես խաղալ։ Այդպիսի կարծիքներ լսելը տհաճ էր»,-ասում էր Օսգուդը։

Բայց դա չխանգարեց նրան։ Նա շատ ինքնավստահ էր ու հավատում էր իր ուժերին։

Օսգուդը «Չելսիում» իր դեբյուտային հանդիպումը անցկացրեց 1964թ․-ին Լիգայի գավաթի շրջանակներում՝ «Ուորկինգտոնի» դեմ և դարձավ դուբլի հեղինակ։ 

Իսկ 1970թ․-ի փետրվարին կայացավ Օսգուդի երկար սպասված դեբյուտը Անգլիայի հավաքականում։ Բայց նա ընդամենը 4 հանդիպում անցկացրեց Անգլիայի հավաքականում։

Ալկոհոլի օգտագործումը,երեկույթները սովորական էին Օսգուդի և այդ «Չելսիի» համար։ «Կինգզ Ռոուդը» Լոնդոնի ամենահայտնի թաղամասերից մեկն էր, իսկ «Չելսիի» ֆուտբոլիստները այդտեղի արքաներն էին։ Այդպիսի կյանքը դուր էր գալիս Օսսիին։

1971թ․-ին «Չելսին» նվաճեց Գավաթակիրների գավաթը՝ եզրափակչում հաղթելով Մադրիդի «Ռեալին»,բայց արդյունքները օրեցօր ավելի էին վատանում, և «Չելսիի» մարզչական անձնակազմը սկսեց քննադատել ֆուտբոլիստների ազատ կյանքը։ Ահա այդ պատճառով էլ Օսգուդը տեղափոխվեց «Սաութհեմպտոն»։ Ակումբում անցկացրեց 3 տարի և հաղթեց Անգլիայի գավաթը։ Նա շատ լավ հարաբերություններ ուներ «Սաութհեմպտոնի» մարզիչ Լորի Մակմենեմիի հետ, և ասում էր․ «Եթե նա գլխավորեր Անգլիայի հավաքականը,ես ամենաքիչը 60 հանդիպում կանցկացնեի հավաքականում»։

1978թ․-ին նա վերադարձավ «Չելսի»,բայց դա արդեն ուրիշ «Չելսի» էր։ Ակումբը շատ լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ, և Օսգուդն էլ արդեն նույնը չէր։ Չնայած այդ ամենին նա շարունակում էր մնալ երկրպագուների սիրելին։ 

Նա միակն էր այդպիսին։ Միշտ ուրախ էր, և կարող էր շփվել և՛ սովորական երկրպագուների,և՛ հայտնի ու հարուստ անձանց հետ։ Ռոման Աբրամովիչը նրան վերադարձրեց ակումբ, և նա շարունակում էր մասնակցել մի շարք ակցիաների։ Նա նույնիսկ նկարահանվել է «Ֆուտբոլի ֆաբրիկա» ֆիլմի մի դրվագում և հրապարակել է իր ինքնակենսագրական գիրքը։ Նա միշտ շատ աշխույժ ու կյանքով լի էր, և այդ պատճառով 2006թ․-ի մարտի 1-ին նրա մահը սրտի կաթվածից շատ անսպասելի էր։ Իր կտակում Օսգուդը խնդրել է իրեն թաղել Սթեմֆորդ Բրիջում։

2010թ․-ին Սթեմֆորդ Բրիջի մուտքի մոտ տեղադրվել է Սթեմֆորդ Բրիջի Արքայի արձանը։ 






Պիտերը «Չելսիի» կազմում անցկացրել է 380 հանդիպում և դարձել 150 գոլի հեղինակ, «Չելսիի» հետ հաղթել է Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը և Գավաթակիրների գավաթը։

Այսօր էլ «Չելսիի» երկրպագուները շարունակում են հիշել լեգենդար ֆուտբոլիստին և երգեր են երգում նրա պատվին։

Out from the Shed came a rising young star
Scoring past Pat Jennings from near and from far
And the Chelsea won as we all knew they would
And the star of the team was Peter Osgood.
Osgood, Osgood, Osgood, Osgood,
Born is the king of Stamford Bridge.

Armchelsea.com



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15