Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 15 » Ժոզե Մոուրինյու. Ես խնդիր ունեմ` դառնում եմ լավագույնն ամեն ինչում

Ժոզե Մոուրինյու. Ես խնդիր ունեմ` դառնում եմ լավագույնն ամեն ինչում


«The Telegraph»-ին տված հարցազրույցում Ժոզե Մոուրինյուն խոսել է ընտանիքի, կրոնական հայացքների, երիտասարդ ֆուտբոլիստների վարձատրության, երկրպագուների մասին, նշել է, որ ինքն ու գործընկեր Արսեն Վենգերն ընդհանրություն ունեն մեկ հարցի շուրջ: Հետաքրքիր զրույցի թարգմանությունը ներկայացնում են ձեր ուշադրությանը:

«Ինձ թվում է,-սկսում է «Չելսիի» գլխավոր մարզիչը, -ես խնդիր ունեմ, այն է` ես ավելի ու ավելի լավն եմ դառնում ամեն ինչում, ինչ իմ աշխատանքին է վերաբերում: Ես առաջընթաց եմ ապրել խաղը կարդալու հարցում, նրանում, թե ինչպես պետք է պատրաստվել խաղին, մարզելիս եմ առաջ գնացել, մեթոդոլոգիայում ևս… Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Չեմ փոխվում միայն մեկ բանում` լրագրողներին հանդիպելիս դեմքս թաքցնել չեմ կարողանում»:

Վիճակագրական տվյալների համաձայն` ակումբային մարզիչների շրջանում Մոուրինյուն լավագույնն է: Նա չեմպիոն է դարձել այն բոլոր երկրներում, որտեղ աշխատել է. հարազատ Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում: Նա երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, բայց սա, իհարկե պատմության կեսն է: Մոուրինյուն կարողանում է սեպ խրել: Ոչ մի ուրիշ մարզիչ ընդունակ չէ այդ կերպ կատաղեցնել մրցակցի երկրպագուներին: Նրա մարտերը Անգլիական ֆուտբոլային ասոցիացիայի մրցավարների հետ, եզրակացությունները մամուլի ասուլիսների ժամանակ, նրա հայհոյանքները… Այս ամենը, նույնիսկ ֆուտբոլի մասին չխոսելով, Մոուրինյուին ամենավառ կերպարներից են դարձնում:

Մոուրինյուն 2 ժամ անցկացրեց Լոնդոնի հարավում գտնվող խմբագրությունում: Ժամանեց ամենօրյա հագուստով, սպորտային «Յագուարով»: Նա ոճային է, սակայն շատ պահպանողական է հագուստի հարցում: Ասում է` իրերի հանդեպ մեծ հետաքրքրություն չունի ու հարմարավետությունը նորաձևությունից վեր է դասում: Նրա հանդերձարանում գերիշխում են սևը, մոխրագույնն ու թանաքագույնը: Նա ցիտրուսային գույների հագուստ կրող տղաներից չէ: Նա իր պարտականությունները կատարում է նկարհանումների ժամանակ, գործնական ոճում` առանց ժպտալու կամ բարկանալու, ավելի շուտ, դեմքի առեղծվածային արտահայտությամբ:  Անգամ այն ժամանակ, երբ տաղավորում հայտնվեց Դիդյե Դրոգբան, ով ժամանել էր իր գովազդային պարտականությունները կատարելու համար, Մոուրինյուն հանգիստ էր: 

Ֆոտոսեսիայից հետո, երբ բոլորը հավաքվեցին համակարգչի առաջ լուսանկարները դիտելու, բոլորի հայացքներն ուղղված էին Մոուրինյուին: «Վատ չէ»,-ասում է նա: Նա նկատի ուներ, որ ամեն ինչ հիանալի՞ է, թե ՞իսկապես կարծում է, որ «վատ չէ»: Գուշակելն անհնար է: 

Մոուրինյուն առավոտն անցկացրել էր «Չելսիի» մարզաբազայում: Ժամանակացույցը չի փոխվում. նա այնտեղ է լինում ամեն օր ժամը 7:30, գնում է իր գրասենյակ, փակում է դուռն ու այնտեղ մնում ավելի քան 2 ժամ:

«Ինձ մենակ մնալու ժամանակ է պետք,-բացատրում է մարզիչը:- Ֆուտբոլի չափանիշների համաձայն ես ծեր չեմ: 52 տարեկան եմ ու դեռ 20 տարի էլ կարող եմ մարզչական գործունեությամբ զբաղվել, սակայն ես ինձ, կարելի է ասել, «հին աղվես» եմ զգում: Ինձ որևէ բան չի վախեցնում ու խիստ չի անհանգստացնում: Այնպիսի զգացողություն է, որ ինձ համար որևէ նոր բան չի կատարվի: Ես վերահսկում եմ նման զգացողությունները, սակայն ինձ ժամանակ է հարկավոր մտածելու համար: Որպեսզի գիշերվա կեսին ինչ-որ մեկի վնասվածքի կամ որևէ խաղի մասին անհանգստությունից չարթնանամ, պետք է հետազոտեմ, կանխատեսեմ հնարավոր խնդիրները: Ինձ ժամանակ է պետք»:
Մոուրինյուի հայրը` ավագ Ժոզեն, դարպասապահ է եղել, ով միայն մեկ խաղ է անցկացրել Պորտուգալիայի հավաքականում մինչև մարզիչ դառնալը: Երիտասարդ Ժոզեն ուղեկցում էր հորը խաղերի ժամանակ, երբեմն վազում էր դաշտ ու ֆուտբոլիստներին փոխանցում հոր հրահանգները: Նա ինքն էլ ֆուտբոլիստ դարձավ, սակայն պորտուգալական երկրորդ դիվիզիոնում պաշտպանի կարճ ու անշուք կարիերան որոշեց վերածել մարզչականի և ընդունվեց Լիսաբոնի Տեխնիկական համալսարան, մարզական գիտություններ ուսումնասիրելու համար, որից հետո էլ ուսուցչի աշխատանքի անցավ:

Իր առաջին աշխատավայրում նա սովորեցնում էր Դաունի համախտանիշ և այլ խնդիրներ ունեցող երեխաներին: «Լուրջ փորձություն էր,-ասում է նա: -Տեխնիկապես ես պատրաստ չէի նման աշխատանքի ու հաջողության հասա միայն նրանց հետ զգացմունքային կապ հաստատելու շնորհիվ: Հենց դրա շնորհիվ ես փոքրիկ հրաշքներ էի գործում: Կապվածությունը, մոտեցման ձևը` միայն ի շնորհիվ դրանց: Մի երեխա կար, ով ամբողջ կյանքում հրաժարվել էր աստիճան բարձրանալ: Մյուսը հասարակ շարժումները չէր կարողանում կորդինացնել: Խնդիրները շատ տարբեր էին, բայց մեծամասնության հետ մենք հաջողությունների հասանք: Ամեն ինչ ի շնորհիվ կարեկցանքի:

Դրանից հետո սկսեցի 16 տարեկաններին մարզել: Հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ եմ աշխատում: Կարող եմ ասել, որ ամենակարևորը տեխնիկական պատրաստվածությունդ չէ, այլ այն, թե ինչ հարաբերություններ ունես մարդկանց հետ: Իհարկե, քեզ գիտելիքներ անհրաժեշտ կլինեն, վերլուծական ունակություններ ևս, սակայն գլխավորը հարաբերություններն են, ու ոչ միայն անհատների, այլ ամբողջ թիմի հետ: Լավ փոխհարաբերությունների կայացման համար բոլորս պետք է որևէ բան զոհենք: Խնդիրն այն չէ, որ լավ հարաբերություններ լինեն իմ և քո միջև, այլ այն, որ այդ հարաբերությունները թիմում լինեն, որովհետև թիմն է հաղթում, ոչ թե անհատը»:

«Թիմ»: Այս բառը Մոուրինյուն հաճախ էր հնչեցնում խոսակցության ժամանակ: Ինչպե՞ս եք անհատական տաղանդը ներդնում թիմում: Ինչպե՞ս եք մոտիվացնում ֆուտբոլիստներին, ովքեր մինչև 21 տարեկան դառնալն այնքան աշխատավարձ են ստանում, ինչի մասին կերազեին երկրպագուներից շատերը: Այս հարցերին պորտուգալացին ունի հստակ պատասխաններ:
«Դա ճիշտ է,-Մոուրինյուի ձայնը բարձրանում է,-մի ժամանակ ֆուտբոլիստները մտադրված էին կարիերայի ավարտին հարստանալ, իսկ հիմա նրանք հարստության մասին մտածում են նախքան իրենց առաջին խաղը»:

Ֆուտբոլում վտանգավոր է դառնում անհատ ու հայտնի դեմք լինելու ձգտումը: Դրա լավագույն ապացույցը ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակն» է, որ ամեն տարի տրվում է աշխարհի լավագույն խաղացողին, և ամեն տարի անխուսափելի են դառնում բազմաբովանդակ խոսակցությունները: Որպես մարզիչներ` Ժոզե Մոուրինյուն ու «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ոչ բոլոր հարցերում են համակարծիք: (Պորտուգալացին շոկի մեջ է գցում հանրությանը «զինագործների» մարզչին պարզապես «Վենգեր» ասելով): 

«Կարծում եմ՝ Վենգերն իրավացի է և հետաքրքիր բան է ասել. նա դեմ է «Ոսկե գնդակին», և ես կարծում եմ, որ նա ճիշտ է։ Այժմ այնպիսի պահ է, որ ֆուտբոլը մի փոքր կորցնում է իր թիմայինությունն ու ավելի շատ սևեռվում անհատների վրա: Մենք միշտ փնտրում ենք անհատական վարպետություն, այն ֆուտբոլիստին, ով ավելի շատ է վազում, բայց եթե դու մի խաղում վազել ես 11 կմ, իսկ ես՝ միայն 9, ապա մի՞թե դա նշանակում է, որ դու ավելի շատ աշխատանք ես կատարել։ Գուցե ո՞չ։ Գուցե իմ ինը կմ-ն ավելի՞ կարևոր է, քան քո 11-ը»,-ծիծաղում է Մոուրինյուն:
«Ֆուտբոլն ինձ համար թիմային խաղ է: Մենք վառ անհատականություններին ողջունում ենք, եթե նրանք մեր թիմն ավելի լավն են դարձնում, սակայն դու պետք է մեզ համար աշխատես, ոչ թե քեզ Երբ բարձրակարգ ֆուտբոլիստ է գալիս, թիմն արդեն գոյություն ունի: Այստեղ այնպես չէ, ինչպես Կոլումբոսի ժամանակ, երբ վերջինս հայտնաբերեց Ամերիկան: Ո՛չ, ո՛չ և ո՛չ,-հայտարարում է պորտուգալացին,-խաղացողը գալիս է մեզ ավելի լավը դարձնելու համար: Եվ մարզիչը պետք է ամեն օր ազդակներ ուղարկի այդ մասին, բայց ոչ բառերով ու ոչ էլ դասախոսություններով: Դա այն է, ինչ ֆուտբոլիստները որսում են հարաբերությունների, իրավիճակների ու այն ժամանակ, երբ այս կամ այն կերպ արձագանքում ես որևէ ֆուտբոլիստի գործողություններին:
Միակ բանը, որ դու ֆուտբոլիստին սովորեցնել չես կարող` տաղանդն է, սակայն արդյո՞ք կարող ես այդ տաղանդի հետ աշխատել այնպես, որ նա հասկանա թիմի կարիքները: Արդյո՞ք նա խելացի, բաց տղա է, ով սպասում է, որ դու նրան կօգնես ավելի լավը դառնալու հարցում, թե՞ նա անհատ է, եսասեր, և քեզ ավելի բարդ է համոզել նրան, որ թիմն ավելի կարևոր է իրենից: Սա ես տեսել եմ բոլոր ակումբներում, որտեղ երբևէ աշխատել եմ: Որևէ տեղ իդեալական կոլեկտիվ չկա: Ամեն դեպքում, եթե ինձ հարցնեք, թե ամենակարևորն ինչն է ֆուտբոլիստի մեջ, ես կպատասխանեմ` տաղանդը»:

Երկրպագուները նեղվում են ու չեն հասկանում, երբ երիտասարդ ֆուտբոլիստներն այնպիսի հնարավորություններ են ստանում, որոնց մասին նրանցից շատերը միայն երազել կարող էին: Եվ այդ ամենը միայն նրանց առաջ մղելու համար:

«Ես դա գիտեմ, սակայն հասկանում եք` նրանք ինչ-որ բանի վերջնական արդյունքն են: Օրինակ` ես մի ֆուտբոլիստ եմ ունեցել, նրա անունը չեմ տա, նրան հնարավորություն եմ տվել խաղալ առաջին թիմում: Մի քանի շաբաթ անց նրա հայրը, մայրը դուրս եկան աշխատանքից ու ապրում են նրա հետ, նրա կյանքով, նրա փոխարեն որոշումներ են կայացնում: Դա շատ ծանր է»

Ի՞նչ եղավ այդ ֆուտբոլիստի հետ: Մարզիչը ուսերն է թափ տալիս: Կարելի է ենթադրել, որ կարիերան հետաճ ապրեց. «Դա մեկ օրինակն է 1000 այդպիսիներից: Նրանց բախտը պետք է բերի ծնողների, գործակալների հետ: Նրանք պետք է կրթված լինեն: Մի անգամ մի ֆուտբոլիստ եկավ ինձ մոտ մեքենայով: Նրան ասացի` «Ուրիշ է: Ինչու՞: Դու տուն ունե՞ս: «Ո՛չ»: «Շատ գումար ունե՞ս բանկային հաշվիդ»: «Ո՛չ»»:  Նա ասում է. «Ես չեմ այս մեքենան գնել: Հայրս անվճար վերցրել է խանութից, իսկ ես փաստաթուղթն եմ ստորագրել»: Ես հարցնում եմ. «Գիտե՞ս, թե ինչ է նշանակում ապառիկ»: Նա պատասխանում է` «Այո, երբ անվճար է»: Նա չգիտեր, որովհետև որևէ մեկը չէր բացատրել»,-ավարտում է Մոուրինյուն:

«Երբ ես մեծ գումար ստացա, իսկապես մեծ գումար, դա տեղի ունեցավ երբ 30 տարեկան էի ու 2003-ին կնքեցի «Պորտուի» հետ պայմանագիրը: Ամուսնացած էի: Պատրաստ էի դրան: Իսկ այդ տղաները 16, 17, 19, 20 տարեկան են: Նրանք չգիտեն` ինչ արձագանք տան, ինչ անեն: «Չելսիում» հատուկ բաժին կա` «Ֆուտբոլիստների աջակցութամբ ու կամքով»: Նրանք ֆուտբոլիստներին օգնում են ամեն ինչում: Նրանք բանկում մարդ ունեն, ով տնօրինում է գումարը: Ֆուտբոլիստը տուն է ցանկանում գնել: Պետք է վստահ լինել, որ ճիշտ մարդ է նրա գործարքն իրականացնում: Թիմ երիտասարդ ֆուտբոլիստներ են գալիս, ասում ենք` մեքենա չգնեք, մեզ «Audi»-ն է հովանավորում, նրանք ֆուտբոլիստներին մեքենաներով են ապահովում: Դա պետք է ֆուտբոլիստներին, քանի որ մեր կյանքը շատ բարդ է»:

-Եվ դուք հանդես եք գալիս հոր դերում,-ընդհատում է թղթակիցը:
-Դա իմ պարտականությունն է,-անկեղծորեն պատասխանում է մարզիչը:

Մոուրինյուն ու նրա կինը` Մաթիլդեն, ովքեր Սետուբալում հարևանությամբ են ապրել, իրար դեռ պատանեկությունից են սիրում: Ամուսնացած են արդեն 26 տարի ու 2 անչափահաս երեխա են մեծացնում, որոնք նրանց անուններն են կրում` Մաթիլդե և Ժոզե:

Մարզչական գործունեությունը Մոուրինյուն 2000-ից է սկսել ու դարձել է «Բենֆիկայի» մարզիչը: Մինչ այդ «Սպորտինգում», «Պորտուում» և «Բարսելոնայում» Բոբբի Ռոբսոնի թարգմանիչն ու օգնականն է եղել: Նա տեղափոխվեց «Ունիան Լեյրիա», իսկ հետո «Պորտու», որի հետ էլ երկու անգամ երկրի չեմպիոն դարձավ, հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթում, Չեմպիոնների լիգայում: Դրանից հետո հայտնվեց «Չելսիում», որի հետ երկու անգամ երկրի չեմպիոն դարձավ, հաղթեց Անգլիայի գավաթում և լիգայի գավաթում: «Ինտերի» հետ Իտալիայի երկակի չեմպիոն դարձավ ու երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: 2010-ին Մոուրինյուն տեղափոխվեց «Ռեալ», նրանց հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն ու Իսպանիայի գավաթակիր: 2013-ի ամռանը վերադարձավ «Չելսի»:

Մոուրինյուն ասում է, որ իր լավագույն ընկերը Ռույի Ֆարիան է: Նրա օգնականն է եղել «Բենֆիկայում» աշխատանքի հենց առաջին օրվանից ու մինչև հիմա Ժոզեի հետ է այն բոլոր ակումբներում, որտեղ պորտուգալացին աշխատում է: «Ռույին սիրում է ասել` «Աշխարհում լավագույն բանը հաղթող մարզիչ լինելն է»,-ծիծաղում է Մոուրինյուն,-այդպես էլ կա, ու մենք շատ ենք ջանում: Սակայն Անգլիայում այնքան շատ խաղ կա, որ չի կարելի թույլ տալ, որ ճնշեն քեզ: Ես 3:5 հաշվով պարտվում եմ, իսկ հաջորդ օրը մարզում ունեմ, մյուս օրը` խաղ: Պարտավոր եմ էմոցիաներս թաքցնել: Պետք է կարողանամ ապրել հաղթանակերով ու պարտություններով»:

«Գլխավոր մարզիչն ակումբի ամենագլխավոր մարդը չէ,-նշում է պորտուգալացին,-  միշտ ասում եմ, որ ակումբում ամենակարևոր մարդիկ առաջին հերթին երկրպագուներն են, երկրորդ հերթին` սեփականատերը, երրորդ հերթին` ֆուտբոլիստները և հետո նոր ես: Սակայն իրականում բոլորը մարզչին են նայում: Ֆուտբոլիստները նայում են գործողություններիդ, քննարկում դրանք, ցանկանում են արձագանքդ տեսնել, քեզանից կայունություն են սպասում: Ակումբում աշխատող մարդիկ էլ են քեզ նայում, հետևում են քեզ դրական կամ բացասական տեսանկյունից: Նույնիսկ երկրպագուներն են նայում քեզ: Նրանք ցանկանում են տեսնել, որ հաջորդ օրը, պարտությունից հետո, դու պատրաստ լինես, իսկ մեծ հաղթանակից հետո Լուսին չես թռչի ու կշարունակես ամուր կանգնել ոտքերիդ վրա: Տանն էլ ինձ համար հեշտ չէ, քանի որ ընտանիքիս անդամներն ինձ լավ են ճանաչում: Չեմ կարող թաքնվել նրանցից: Նրանք միանգամից գտնում են ինձ»:

Մոուրինյուն հարգալից ու կիրթ մարդ է: Նա պորտուգալացի գրող Ֆերնանդո Պեսսոայի մեծ երկրպագուն է: Զրույցի ժամանակ նա մտածկոտ է, զիջող ու անկեղծ: Հենց դրանով էլ նա տարբերվում է մամուլի ասուլիսներին ելույթ ունեցող կտրուկ ու հեգնող կերպարից: Ինչ-որ պահի ոչ գրական արտահայտություններ է իրեն թույլ տալիս ու նույն պահին էլ խնդրում չկրկնել դրանք:

Այն հարցին, թե ֆուտբոլի հետ կապ չունեցող ինչ հետաքրիր դեպք է նրա հետ տեղի ունեցել վերջին շրջանում, մարզիչը հիշում է սովի դեմ պայքարի ակցիայի շրջանակներում Կոտ դ՛Իվուար կատարած այցը:

«Ինձ համար ֆանտաստիկ փորձ էր, որ ձեռք բերեցի կնոջս ու երեխաներիս հետ: Մենք գիտենք փաստի մասին, բայց դրան իրականում առնչվելն ինչ-որ ուրիշ բան է: Բացասական, դրական, այն ինչի հետ դժվար է համակերպվել: Միևնույն ժամանակ անսահման հպարտություն ես զգում այդ մարդկանց հետ կապ հաստատելիս, նրանց իրենց աշխատանքում օգնելիս»:

Մոուրինյուն ու նրա կինն աջակցում են նաև Սետուբելի սննդի ծրագրին:
«Մենք սկզբունք ունենք, ու դա չենք անում, որ մարդիկ իմանան դրա մասին ու մեզ լավ կողմից տեսնեն: Մենք օգնում ենք, որովհետև հնարավորություն ունենք, որովհետև աշխարհում մարդիկ կան, որոնց օգնություն է հարկավոր»:
Հավատքի մասին հարցին Մոուրինյուն պատասխանում է. «Ես հավատում եմ: Ամբողջությամբ և լիովին: Ամեն օր աղոթում ու խոսում եմ Նրա հետ, սակայն եկեղեցի ամեն օր չեմ գնում, ոչ էլ ամեն շաբաթ: Գնում եմ, երբ անհրաժեշտություն եմ զգում»: 

Ու՞մ և ինչի՞ համար է նա աղոթում. «Իմ ընտանիքի համար, երեխաներիս, կնոջս, ծնողներիս, երջանկության համար, ընտանեկան լավ կյանքի համար: Կասեմ նաև այն, որ երբեք եկեղեցի Նրա հետ ֆուտբոլից խոսելու համար չեմ գնում: Երբեք»:

Կարող է Մոուրինյուն ինքն իրեն լավ մարդ համարել. «Կարծում եմ` այո: Փորձում եմ այդպիսին լինել: Խնդիրներ չունեմ ընտանիքիս ու ընկերներիս հետ: Ես ընտանիքի լավ անդամ եմ ու լավ ընկեր: Փորձում եմ աջակցել անգամ անծանոթներին: Թու՞յլ եմ տալիս սխալներ: Այո՛: Իմ պրոֆեսիոնալ աշխատանքը կապված է նաև ուժեղ էմոցիաների հետ: Ես պետք է մարդկանց որոշակի վարքագծի դրդեմ, սակայն մասնագիտությունը կյանքի մի մասն է միայն: Իրականում մարդն ավելին է»:

Մոուրինյուն խոստովանում է, որ փորձում է ամեն ինչ անել անձնականն ու գործնականը չխառնելու համար: Կնոջ հետ երբեք ֆուտբոլից չի խոսում:
«Դա նրա աշխարհը չէ: Լինել ակումբում, որն ինձ դուր է գալիս: Լինել այն տեղում, որն ինձ հոգեհարազատ է: Աշխատել մարդկանց հետ, որոնց համակրում եմ: Նման խորհուրդներ է նա տալիս ինձ, քանի որ այդ պարագայում տանն էլ ամեն բան լավ կլինի, սակայն դա բարդ է: Նույնիսկ, եթե կարողանամ ընտանքն ու աշխատանքս բաժանել, նրանք երբեք չեն կարողանա: Երբ պարտվում եմ, փորձում եմ դեմքի մեղմ արտահայտությամբ տուն վերադառնալ: Վաղը նոր օր է լինելու, իսկ սա ընդամենը հանդիպում է, և այլն: Սակայն գալիս եմ տուն, ու նա տխուր է (ծիծաղում է): Սրտնեղում է ինձ համար»:

Որպես կանոն` ֆուտբոլիտներն ու մարզիչները սովորությունների մարդիկ են: Նրանք մեծ տների են ձգտում և կիսաթանկարժեք ճանապարհորդությունների: Դուք «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մի մասին ու մարզիչներին կարող եք տեսնել ակումբի մարզաբազային հարակից շրջանում: «Չելսիի» մարզաբազայի մոտակայքում` Կոբհեմի տարածքում էլ լոնդոնյան ակումբի անդամներն են: Հետաքրքրական է, որ դրա փոխարեն Մոուրինյուն գերադասում է Բելգրավիայում ապրել (Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկը): Այդպես ավելի շատ նրա ընտանիքին է դուր գալիս: «Ինձ նույնպես»,-ընդգծում է Մոուրինյուն և ավելացնում. «Ի տարբերություն Մադրիդի ու Միլանի` Լոնդոնում գրեթե նորմալ կյանքով կարող եմ ապրել»:

Նա կարող է փողոցում քայլել ու 5 րոպեի ընթացքում հանդիպել «Չելսիի», «Տոտենհեմի», «Արսենալի» և նույնիսկ «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:
«Ինձ դա դուր է գալիս,-խոստովանում է Մոուրինյուն:- Մյուս տեղերում, որտեղ աշխատել եմ, միշտ էլ հանդիպում եմ իմ ակումբի երկրպագուներին: Միլանում 50% «Միլանի», 50%` «Ինտերի» երկրպագուներ են: Մադրիդում 70% «Ռեալի», 30%` «Ատլետիկոյի»: Պորտուում` 100%: Եթե որևէ մեկը պարզապես մոտենում է ինձ, ուրախ եմ լսել նրան: Իսկ եթե որևէ մեկն ինձ ֆուտբոլի դասեր է տալիս` ոչ:

Իմ կարծիքով մարդիկ Լոնդոնում հասկանում են, թե ինչ է նշանակում «անհանգստացնել» և «չանհանգստացնել»: Նրանք հասկանում են, որ մարդուն անձնական տարածություն է հարկավոր, որ նա հարգանքի է արժանի: Եթե որևէ մեկն ինձ անհանգստացնում է, նա անգլիացի չէ: Անգլիացիներն օրինակ ռեստորանում կամ սրճարանում ինքնագիր խնդրելիս միշտ սպասում են, որ վերջացնեմ ուտելս: Եթե խանութում են հանդիպում, սպասում են ու չեն ներխուժում այն պահին, երբ գուլպաներ եմ փորձում: Նույն տեսարանն է նաև փողոցում: Լոդոնում չի կարելի սպասել, որ բացասական արդյունքի պատճառով որևէ մեկը քեզ վրա կնետվի փողոցում այն պահին, երբ քայլում ես ընտանիքիդ հետ: Դա անհնար է, իսկ Միլանում և Մադրիդում նման բաներն անընդհատ են տեղի ունենում»:
«Ցանկացած երկրպագու,-գլուխը հոգնած օրորելով ասում է Մոուրինյուն,-իրեն մարզիչ է պատկերացնում, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ֆուտբոլին չափազանց լուրջ են վերաբերվում: Իհարկե, ես կիրք եմ զգում խաղի նկատմամբ, սակայն, եթե մեզ` մասնագետներիս համար ֆուտբոլն ամեն ինչ է դառնում` մենք լուրջ խնդիրներ ենք ունենում: Նույնը կարելի է նաև երկրպագուների մասին ասել: Պորտուգալիայում ասում են, որ մորից ու ֆուտբոլային ակումբից բացի ամեն ինչ կարելի է փոխել: Հասկանում եմ, որ ֆուտբոլը մշակութային, քաղաքական, սոցիալական հսկայական ուժ է. սակայն ինչպես կարող է ֆուտբոլիստը Forbes-ի Թոփ-100-ում լինել: Դա անհեթեթություն է: Մենք կյանքեր չենք փրկում: Ես գիտեմ, որ իր սիրելի թիմի պարտության դեպքում մարդը կարող է նետվել 5-րդ հարկից, սակայն դա նրա անձնական խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է մարզչին կամ ֆուտբոլիստին համեմատել բժշկի կամ գիտնականի հետ: Ոչ մի կերպ»:       

Մոուրինյուն խոստովանում է, որ անգլիական ֆուտբոլում մոտ ընկերներ չունի. «Որոշների հետ կապ ու համակրանք կա, բայց չեմ կարող ասել, որ մոտ ենք»:
Այդուհանդերձ մի մարդ կա, որով նա անսահման հիացած է` Ալեքս Ֆերգյուսոնը: Առաջնահերթ, նրանք որպես մարզիչներ հանդիպել են 2004-ին, երբ «Պորտուն» «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս մղեց Չեմպիոնների լիգայի պայքարից:

«Այդ ժամանակ առաջին անգամ տեսա հանճարեղ մարդու երկու դեմքը,-հիշում է Մոուրինյուն: - Սկզբում մարտիկ. մարդ, ով ամեն ինչ արեց հաղթելու համար: Իսկ հետո անհատ` իր սկզբունքներով, մարզիկի հանդեպ հարգանքով ու խաղի նկատմամբ ազնվությամբ: Ես այդ երկու մարդուն տեսա ինձ համար շատ կարևոր պահի:

Իմ մշակույթում` պոտուգալական և լատինական, երկու դեմքի հասկացությունը չկա: Մենք ֆուտբոլում ենք հաղթելու համար, իսկ եթե չի ստացվում, ապա երկրորդ դեմքը չի հայտնվում: Սակայն, երբ ՉԼ-ում հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին», ես նկատեցի մարզչի այն դեմքը, որն ինքս էի փորձում ունենալ: Ես իսկապես փորձում էի»,-խոստովանում է «Չելսիի» մարզիչը:  

 














Պետք է ասել, որ նրա պարտությունները միշտ չէ, որ հասկանալի են: Մոուրինյուին հաճախ «անսկզբունքային» (անգլերեն տարբերակով` «Machiavellian» )ածականով են բնութագրում:
«Ինձ այդպիսին չեմ համարում: Կարդացե՞լ եմ Մաքիավելիի գրածները: Այո, իհարկե, գիտեմ Մաքիավելիին: Գիտեմ, որ իմ որոշ մեկնաբանություններում ինչ-որ բան կա նրանից, բայց ոչ ավելին: Բացարձակ այդպես չէ»,-ասում է Մոուրինյուն:

Յուրաքանչյուր մարզիչ հոգով էմոցիոնալ է` բարդ որոշում է, եղե՞լ է 11 մետրանոց, թե՞ ոչ, մեր բախտը բերե՞ց, թե՞ ոչ: Սակայն Մոուրինյոն մարզչական բողոքները արվեստի վերածեց: Բանն այն չէ, որ աշխարհը և մարզիչները նրա դեմ են: Մամուլի ասուլիսների ժամանակ, որտեղ Մոուրինյուն թագավոր է, սուր մեկնաբանությունները կարող են նրա` որպես մարդու մասին կարծիք ձևավորել, ով հեգնում է որևէ մարզչի, մարզիկի կամ մարզական մեկնաբանի:
«Դա նրա մոտ Ֆերգյուսոնից է մնացել,-ասում է պարբերականի թղթակիցներից մեկը:-Եթե Ժոզեն որևէ մեկի հետ քնքուշ է,  նշանակում է` նրա մեջ վտանգ չի տեսնում»:

Մոուրինյուն շատ վիրավորված է թվում` դա լսելով. «Ո՛չ: Ես սիրում եմ գովել մարդկանց, եթե մյուս մարզիչները, ֆուտբոլիստներն արժանի են դրան: Ես սիրում եմ ասել` «Հիանալի մրցավար է»` հատկապես պարտվելուց հետո::

Թղթակիցն ասում է, որ Մոուրինյուն սխալ է հասկացել իր միտքը, իրականում նա լավագույն դերասաններից է: Մոուրինյուն նայում է նրան ու չի պատասխանում, իսկ հետո դեմքը դանդաղորեն անհավատալի ժպիտ է արտահայտում...  

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15