Գլխավոր էջ » 2012 Մայիս 20 » ՉԵԼՍԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ
ՉԵԼՍԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ
Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:
Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հազվադեպ էին գրոհներ կազմակերպում, բայց մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Առաջին 45 րոպեների ընթացքում մյունխենցիներն ավելի հետաքրքիր ու վտանգավոր էին գործում, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն լոնդոնցիները հիանալի էին պաշտպանվում: Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը՝ առաջ մղելով «Բավարիային»:
Թվում էր, թե մյունխենցիներն այլեւս բաց չեն թողնի այդքան մոտ թվացող հաղթանակը, սակայն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Դիդյե Դրոգբան անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց լոնդոնցիների պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը:
Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց: Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Չելսիի» խաղացողները:
11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բավարիայից» վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը: Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսն ու Մանուել Նոյերը դիպուկ գտնվեց: «Չելսիից» վրիպեց միայն Խուան Մատան: Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլն անվրեպ իրացրեցին հարվածները:
Չեմպիոնների լիգայում «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ «Չելսիին» առաջին անգամ հաջողություն բերեցին 11 մետրանոցները:
Տարածել լուրը`