Գլխավոր էջ » 2015 Մարտ 3 » Բլոգ. Ջոն Թերրի. Մեծ սկանդալիստն ու առաջնորդը
Բլոգ. Ջոն Թերրի. Մեծ սկանդալիստն ու առաջնորդը
Վերջերս «Չելսիի» ֆուտբոլիստ Ջոն Թերրին ավագի թևկապով իր 500-րդ հանդիպումն անցկացրեց լոնդոնյան թիմում:
Իրականությունն այն է, որ ժամանակակից ֆուտբոլում հազվադեպ երևույթ է մեկ ակումբի կազմում 500 խաղը: Ի՞նչ է պետք ասել, երբ խոսքը գնում է մի ֆուտբոլիստի մասին, ով հարազատ թիմի կազմում 500 խաղ անց է կացրել ավագի թևկապով: Իհարկե, նման հաջողությունն առնվազն հարգանքի և հիացմունքի է արժանի:
Իհարկե, հիանում ենք ոչ միայն թևկապի, այլ նրա մարտական հոգու և բնավորության պատճառով: Բնավորություն, որ հատուկ է իսկական առաջնորդին, որի կարողություններն օրինակ են բազմաթիվ սերունդների համար:
«Թևկապն կարևոր չէ: Կարևորն այն է, որ դա առաջնորդն է կրում: Նա առաջնորդ է, բնությունից ծնված առաջնորդ: Ջոնը, գուցե երիտասարդ է, բայց զգացվում է` նա առաջնորդ է ինքն իրենով է: Այդ հատկությունը ֆուտբոլիստներից ոչ բոլորն ունեն: Նա գիտի, որ հենց ինքն է իմ նոր ավագը: Դեսայից ու Ձոլայից հետո նա կլինի ավագը: Թերրին` իմ ապագայի հույսն է»,- ասել է Կլաուդիո Ռանյերին, ով գլխավորեց «Չելսին» 2000-2004թթ. ընթացքում:
Թերրիին բնութագրելու համար բավական կլինի երեք բառ, որոնք միշտ կարելի է տեսնել «Սթենֆորդ Բրիջի» պաստառների վրա. «Ավագ: Առաջնորդ: Լեգենդ»: Շատերի համար «Չելսիի» երկարամյա ավագը դավաճան է, ռասիստ, ուխտադրուժ և նմանատիպ տհաճ բառերով բնութագրվող կերպար: Չենք թվելու այն բոլոր սկանդալները, որոնցում Թերրին մասնակցություն է ունեցել: Կյանքի 34 տարիների ընթացքում Ջոնն այնքան պատմությունների մեջ է ընկել, որոնք թվելու համար մեկ ամբողջական հոդվածը չի բավականացնի, սակայն պաշտպանի արարքների կողքով անցնելն էլ անհնար է:
Երիտասարդ տարիներին Թերրին իրեն ներկայացնում էր որպես խմել սիրողի ու փաբերում, գիշերային ակումբներում սկանդալներ սարքողի: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իրեն թույլ էր տալիս ժամանակ անցկացնել ոգելից պմիչքի ուղեկցութամբ, որից հետո ընդհարումներ էին լինում նույնիսկ հարազատ բարեկամների հետ այնտեղ, որտեղ հանգստանում էր ֆուտբոլիստը: «Չելսիի» լեգենդը մեկ անգամ չէ, որ ձերբակալվել է և հայտնվել ճաղերի հետևում:
Խմիչքը Թերրիի միակ թուլությունը չէ: Հնարավոր է, որ կնոջը բազմաթիվ անգամներ դավաճանելու պատճառով ինչ-որ մեկը Թերրիին բացասական լույսի ներքո տեսնի: Դեպքերից մեկը հայտնի է ամբողջ Անգլիային: Խոսքը Ուեյն Բրիջի սիրելիի հետ հարաբերությունների մասին, ինչից հետո Թերրիի նախկին խաղընկերն այլևս դադարեց սեղմել նրա ձեռքը և հրաժարվեց Անգլիայի հավաքականում կողք-կողքի ելույթ ունենալ այդպիսի անբարո տիպի հետ:
Լոնդոնյան ակումբի սիմվոլը սկանդալների իսկական հավաքածու ունի, իսկ ռասիստական բնույթի արարքների համար Ջոն Թերրիին «ամենամեծ ապուշը» կոչումը շնորհվեց. Հենց այդպես իր ինքնակենսագրականում արտահայտվեց Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդն նախկին խաղընկերոջ մասին:
Անխոս, Թերրիին իդեալական մարդկանց ցուցակում չի կարելի դասել: Նրանից ջենթլմեն ևս դուրս չի գա: Եվ այս բոլոր անհաջող հանգամանքները հետք են թողել «Չելսիի» պաշտպանի կերպարի վրա, սակայն հենց որ նրա ոտքը հայտնվում է կանաչ խոտածածկին, բոլորը մոռանում են բրիտանացու արարքները, հիանում նրա խաղով, քանի որ Ջոնը հիասքանչ է ֆուտբոլի դաշտում:
«Ջոն Թերրին իդեալական ավագ է: Միանգամից նկատվում է, որ «Չելսին» ամեն ինչ է նրա համար: Երբ նա պաշտպանական գործողություններ է ձեռնարկում, դա շատ է ոգևորում խաղընկերներին»,- նշում է Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերրարդը:
Իրականում վեճերի և խմիչքի հանդեպ հակվածությունը Ջոնին հորից է փոխանցվել, ով պարզապես անընդհատ չէր խմում... հասցնում էր նաև թմրանյութ վաճառել: Չնայած բոլոր թերություններին` ավագ Թերրին որդու համար անվիճելի հեղինակություն էր, ամեն դեպքում, այդպես եղել է մանկության տարիներին: Հոր շնորհիվ Ջոնն իր ամբողջ կյանքի համար երկու հիմնական հատկանիշ ձեռք բերեց` կոպտությունն ու ինքնազոհողությունը:
«Առանց արյան ու ցավի մեծ հաղթանակներ չեն լինում: Ֆուտբոլ խաղալը բարդ չէ, քանի որ այնտեղ քեզ ադրենալինն է ղեկավարում: Իսկ ահա ամենօրյա մարզումները, որոնց ընթացքում ամեն ինչդ ցավում է, իսկական պայքար է»,-ասել է Թերրին «BBC»-ին տված հարցազրույցներից մեկում:
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստներից շատերը, ովքեր խաղացել են երիտասարդ Թերրիի հետ, միաձայն ասում են, որ տղան միշտ պայքարել է իրադարձությունների կենտրոնում: Նա երբեք ղեկավարներ չի ունեցել ֆուտբոլի դաշտում, ընդհակառակը` նա իրեն հարմարավետ է զգացել, երբ ինքն է ղեկավարել մարդկանց, երբ ինքն է գլխավորը եղել խոտածածկին և հենց ինքն է եղել թիմի բոլոր գործողությունների կենտրոնում: Շատ բարդ է գնահատել այն ներդրումը, որ Թերրին կատարել է «Չելսիում»` ավագի թևկապը կրելու 13 տարիների ընթացքում:
Թերրին նվաճել է ակումբային այն բոլոր տիտղոսները, որոնց մասին կարող էր մտածել Մառախլապատ Ալբիոնի ֆուտբոլիստը: Մի քանի տիտղոս էլ զարդարում է նրա անձնական թանգարանը: «Չելսիի» կազմում նա 14 տիտղոս է նվաճել. բայց ավելիին հասնելու համար դեռ ժամանակ ունի, քանի որ իր 34 տարեկան հասակում կարող է գերազանցել տաղանդավոր ցանկացած պաշտպանի:
Էթիկայի բացակայության համար կարող եք որքան ցանկանաք քննադատել Թերրիին, որքան ցանկանում եք կարող եք հաճույք ստանալ դեղին մամուլի էջերում նրան տեսնելիս: Ում դուր է գալիս խցկվել օտարի սպիտակեղենից ներս, որևէ մեկը ձեզանից չի խլի այդ «իրավունքը»:
Սակայն այն բոլոր մարդկանց համար, ովքեր ամեն շաբաթ գնում են «Սթենֆորդ Բրիջ», Ջոն Թերրին ավագ է, առաջնորդ և լեգենդ, և այդպես կլինի միշտ:
sport.times.am
Տարածել լուրը`