Գլխավոր էջ » 2015 Մարտ 16 » Բլոգ. Ջանֆրանկո Ձոլա` մեծ խաղի հանճարեղ ներկայացուցիչը
Բլոգ. Ջանֆրանկո Ձոլա` մեծ խաղի հանճարեղ ներկայացուցիչը
Կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց հանդեպ միշտ հարգանքով ես լցված` անկախ նրանից, թե որտեղ են խաղում, կամ ում ես դու երկրպագում: Ջանֆրանկո Ձոլան այս անհետացող տեսակի ներկայացուցիչներից է:
Երիտասարդ ֆուտբոլասերները, հավանաբար, չեն էլ հիշում` ո՞վ է Ձոլան, ինչո՞վ է հայտնի, առհասարակ խաղացե՞լ է ֆուտբոլ, թե՞ ոչ, և որքա՞ն լավ է արել դա: Իտալացին անցյալ տասնամյակի կեսերին ավարտեց իր կարիերան` վերջին տարիներին հանդես գալով Իտալիայի համեստ ակումբներից մեկում` «Կալյարիում»: Նա Տոտտիի կամ Ջերրարդի պես նվիրված չէր որևէ ակումբի, սակայն այդ ժամանակների երկրպագուների աչքերում նա դժվար թե մեկ միլիմետր ներքև լինի վերոնշյալ ֆուտբոլիստներից: Ձոլան նրանցից էր, որոնց հավատարիմ շներ են անվանում, ուղեղից մինչև ոսկորները պայքարող, ինչպես նաև` իսկական տղամարդ, այնպիսին, ինչպիսիք այսօրվա ֆուտբոլում գնալով պակասում են:
Իր ֆուտբոլային կարիերան Ձոլան սկսել է համեստ «Նուորեզեում», որի մասին հիմա գրեթե ոչինչ հայտնի չէ: Այստեղ ֆուտբոլային ուղի հարթելով` հարձակողական ոճի կիսապաշտպանը տեղափոխվեց հարուստ պատմությամբ, համապատասխան ավանդույթներով ու աստղային իտալական ակումբ: Կարելի է ասել, որ Ձոլայի բախտն ինչ-որ տեղ բերեց: Այդ ժամանակվա «Նապոլին» դեռ չէր կորցրել իր չեմպիոնական դեմքը, ու դեռ որևէ մեկը չէր մտածում Մարադոնայի ու թմրանյութերի սկանդալների մասին: Արգենտինացին զգալի ազդեցություն ունեցավ իր խաղընկերոջ աճի վրա ու նրանից իր կրկնօրինակը պատրաստեց: Երկու տեխնիկապես հարուստ ֆուտբոլիստները ներկայացնում էին Նեապոլի դեմքը ֆուտբոլային ասպարեզում, ու ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ այն իտալական Աշխարհի առաջնությունը, որը պառակտեց թիմը, Մարադոնային կես տարով հեռացրեց մեծ ֆուտբոլից, ու նաև բաժանեց տեղական ակումբից, ինչը թերևս, ավելի ծանր էր: Դիեգոն տեղափոխվեց այլ ակումբ: Ձոլան ևս սկսեց մտածել այլ տեղում երջանկություն գտնելու մասին: «Նապոլին» իտալական ֆուտբոլի առաջնորդի կարգավիճակից աստիճանաբար անցում կատարեց տիպիկ միջակ թիմի կարգավիճակին, դրա համար էլ նման ակումբում մնալն իմաստ այլևս չուներ:
«Պարմայի» հրավերը երկար սպասեցնել չտվեց: Այդ ժամանակ դեռ աստղային ակումբը չէր խնայում ֆուտբոլիստների հարցում ու ձգտում էր իտալական ֆուտբոլի «ամենահամեղ պատառներին» իր կազմում տեսնել: Այդ ճանապարհին էր նաև մեր այսօրվա հերոսը, ով թեև կարողացավ ցուցադրել իր հսկայական տաղանդը, սակայն հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալ չկարողացավ: Դրա համար օբյեկտիվ պատճառներ կային, այդ թվում նաև բարձր մրցակցությունն ու Անչելոտտիի ցանկությունը` հիմնական կազմում տեսնել բացառապես այն ֆուտբոլիստներին, ում անձամբ է ճանաչում և գիտի նրանց ուժեղ կողմերը: Այդ ցուցակում Ձոլան տեղ չգավ ու կատարեց իր կարիերայի, թերևս ամենաճիշտ քայլը:
Լոնդոնի «Չելսին» միշտ հաջողակ ու հարուստ չի եղել: Անցյալ հարյուրամյակի վերջերին «ազնվականները» դեռ չէին էլ երազում բազմաթիվ մրցանակների, աստղային ֆուտբոլիստների ու այս ու այն կողմ նետելիք միլինների մասին: Լոնդոնցիները միջակներ էին, որոնց առաջնությոնից դուրս մնալը չէր սպառնում ու չեմպիոնությունը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ Անգլիայի առաջնության լիդերները համընդհանուր ճգնաժամի մեջ հայտնվեին: Հենց այդ ժամանակ էլ Ձոլան տեղափոխվեց Անգլիայի մայրաքաղաք` անգամ չենթադրելով, որ այն իր համար հարազատ տան պես է դառնալու:
Արդեն առաջին խաղերից հետո պարզ դարձավ, որ «Չելսին» Իտալիայից եթե ոչ ադամանդ, ապա դրա նման մի բան է գողացել: Անհատական որակները, ուժեղ հարվածները, հիասքանչ տուգանայինները, գլխով հիացնող խաղը… Ահա հնարավորությունների այն անավարտ ցուցակը, որը վայրկենապես ցնցեց ոչ միայն տեղացի, այլ նաև մյուս ակումբների երկրպագուներին, այդ թվում նաև Մառախլապատ Ալբիոնի սահմաններից դուրս: Ջանֆրանկոն առաջնորդի ձիրքեր ուներ ու առանց հատուկ ջանքերի ղեկավարում էր իր նոր թիմի հարձակողական գործոությունները: Սա իհարկե, միակ պատճառը չէ, որ «Չելսիի» երկրպագուներին ստիպեց հենց այդ ֆուտբոլիստին համարել ակումբի պատմության մեջ լավագույն խաղացողը:
Ինչպես շատերի պարագայում, Ձոլայի դեպքում ևս հավաքականում գործերն այնքան էլ լավ չէին, բայց ակումբում նա ուրիշ էր: Ուժեղ, կայուն, տեխնիկական, խելացի, ու ոչ պակաս բարեխիղճ: Իտալացին ֆուտբոլիստների այն տիպին էր պատկանում, որոնց համար ֆուտբոլն ընդամենը խաղ էր գնդակով, դարպասներով, խաղընկերներով և վերջ: Նա ուղիղ եթերում դերասանի վարպետության դասեր չէր տալիս, այն սադրիչներից չէր, որոնց համար անազնիվ հաղթանակը պատվից կարևոր է: Նա այնպիսին էր, ում հաճելի է իսկական ֆուտբոլիստ համարել: Նա շատ հարվածներ էր ստանում ոտքերին, շատ էր ընկնում, վնասվածքներ ստանում, բայց միշտ կանգնում էր ու շարունակում վազել դեպի մրցակիցների դարպասը, քանի որ հենց դրանում է մարդկության պատմության ամենահզոր խաղի իմաստը, ոչ թե չնշանակված 11-մետրանոցների համար թափվող արցունքների ու սիմուլյացիաների:
Ռոման Աբրամովիչի բիզնեսային ժամանակաշրջանն անդրադարձավ նաև Ջանֆրանկոյի վրա: Ռուս գործարարը` չնայած ֆուտբոլիստի տարիքին, նրան պայմանագիր առաջարկեց, սակայն Ձոլան տեղափոխվեց «Կալյարի», այնտեղ, որտեղ քիչ էին վճարում: Գնաց ոչ միայն այն պատճառով, որովհետև համաձայնություն էր տվել մինչև Աբրամովիչի առաջարկը, այլև չցանկացավ դրժել հարազատ քաղաք վերադառնալու խոստումը: «Կալյարիում» իտալացի հանճարը ևս մի քանի հիշարժան մրցաշրջան ունեցավ, տեղացի երկրպագուներին գեղեցկագույն գոլեր պարգևեց, այնուհետև առանց աղմուկի, խաղաղ ու հանգիստ գնաց վաստակած հանգստի:
Հիմա Ձոլան փորձում է մարզչական կարիերա կերտել, որը սկսել է 2008-ին, սակայն դեռևս լուրջ հաջողությունների չի հասել: Լոնդոնյան «Վեսթ Հեմը», որը բավականին լավ հանդես եկավ իտալացու ղեկավարությամբ, հրաժարվեց նրա ծառայություններից, «Ուոթֆորդը» ևս մեծ սիրով չէր լցված նախկին հանճարեղ ֆուտբոլիստի հանդեպ ու բաժանվեց նրանից:
Հաշվի առնելով խաղի հանդեպ ունեցած նրա կիրքը` կարելի է ենթարդել, որ վաղ թե ուշ այս ոլորտում հաջողությունը կժպտա Ձոլային:
sport.times.am
Տարածել լուրը`