Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 11 » Բլոգ․ Համաշխարհային ֆուտբոլի հաջողակ մարզիչները

Բլոգ․ Համաշխարհային ֆուտբոլի հաջողակ մարզիչները


Վերջերս «Չելսին» հաղթեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: «Ազնվականների» նվաճած գավաթը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի 21-րդ տիտղոսն էր:

Պորտուգալացի մասնագետը չթաքցրեց հաղթանակի բերկրանքն ու երջանկությունը. «Մարդը երբեք այնքան ծեր չի լինում, որ չցանկանա տոնել հաղթանակը: Մարդը չի կարող այնքան տիտղոս ունենալ, որ չցանկանա տոնել նորը: Սա իմ 24-րդ տիտղոսն է, բայց ես ուրախ եմ երեխայի պես, ով առաջին տիտղոսն է նվաճել»: (Նշենք, որ սա Մոուրինյոյի 21-րդ տիտղոսն է գլխավոր մարզչի դերում, մյուս երեքը նա նվաճել է Լուի վան Գալի օգնականի կարգավիճակում, երբ հոլանադացին մարզում էր «Բարսելոնան»):

Մոուրինյոյի հաղթանակը համաշխարհային ֆուտբոլի այն մարզիչներին հիշելու հիանալի առիթ է, ովքեր մեծաքանակ տիտղոսներ ունեն: Պետք է հասկանալ նաև, որ այս առումով առաջատար լինելու համար Մոուրինյոն դեռ երկար պետք է քայլի:

Օտտմար Հիտցֆելդ, 16 գավաթ տիտղոս

Շվեյցարիայում ծնված Հիտցֆելդն իր խաղային ու մարզչական կարիերայի մի մասը նվիրել է Շվեյցարիային: Այնտեղ է սկսել մարզչի աշխատանքը («Ցուգեում»), այնտեղ է նվաճել առաջին տիտղոսները` Շվեյցարիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Սակայն գլխավոր հաջողություններին Օտտմարը հասել է հայրենիքի սահմաններից դուրս` մարզելով «Բորուսսիան» և «Բավարիան»: Նրանցից յուրաքանչյուրի հետ նա ոչ միայն Բունդեսլիգայում է հաղթել, այլ նաև Չեմպիոնների լիգայում: 2001-ին ՈւԵՖԱն և IFFHS-ը նրան հռչակեցին աշխարհի ու Եվրոպայի լավագույն մարզիչ:

Կարլո Անչելոտի, 17 տիտղոս

Պապա Կարլոն շատ լավ անուն է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլում` հիանալի աշխատելով «Պարմայում», «Յուվենտուսում» և «Միլանում», չեմպիոնության է հասել «Չելսիի» հետ, երկրի չեմպիոն դարձել «ՊՍԺ»-ի հետ: 2013-ից Մադրիդի «Ռեալը» գլխավորելով` Անչելոտին ակումբին տարավ դեպի Չեմպիոնների լիգայի երկար սպասված` 10-րդ հաղթանակը: Մարզչի համար թիմի հետ Չեմպիոնների լիգայի հաղթանակը երրորդն էր. զարմանալի ձեռքբերում: Անչելոտին ամեն նոր աշխատավայրի հետ կատարելագործվում է, իսկ թիմերի հաղթանակների հասնելու հավանականությունն էլ աճում է:



Պեպ Գվարդիոլա, 18 տիտղոս

Զարմանալի է, որ այս հսկայական թվին մարզիչ Գվարդիոլան հասել է ընդամենը 6 աշխատանքային տարում: Պեպը մեծ դեր է ունեցել «Բարսելոնայի» հաջողություններում. 2009-ին կատալոնացիները դարձան «ամեն ինչի չեմպիոններ»` հաղթելով բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում էին: Մեկ տարվա ընդմիջումից հետո, որը Գվարդիոլան վերցրել էր մարզչական կարիերայի ապագայի մասին մտածելու համար, իսպանացին ձեռքն առավ «Բավարիայի» ղեկը, որտեղ ևս հաջողակ է: Արդեն մեկ տիտղոսով` Բունդեսլիգայի չեմպիոնությամբ  համալրվել է Գվարդիոլայի անձնական հավաքածուն:



Մարչելո Լիպպի, 19 տիտղոս

Ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել Մունդիալում և Չեմպիոնների լիգայում: Մի՞թե սա բավական չէ, որ հասկանանք Լիպպիի մեծությունը: Այս մարզիչն առանցքային կերպար է «Յուվենտուսի» համար. թուրինցիների հետ Մարչելոն 5 անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել և հաղթել է Չեմպիոնների լիգայում 1995-96քք. մրցաշրջանում: Իտալիայի հավաքականի հետ 2006-ին նվաճած աշխարհի չեմպիոնությունը նրան ազգային հերոս դարձրեց: Վերջին հաջողություններին Լիպպին Չինաստանում է հասել` երեք տարի անընդմեջ «Գուանչժոու Էվերգրանդի» հետ երկրի չեմպիոն դառնալով:



Բոբ Փեյսլի, 20 տիտղոս

Փեյսլին հասցրել է և՛ խաղալ «Լիվերպուլում», և՛ մարզել թիմին: Ճիշտ է` երկրորդն ավելի բարեհաջող է ստացվել: «Էնֆիլդում» Բոբի խաղային կարիերան հաջողությամբ պսակվեց միայն շնորհիվ 1947 թվականին նվաճած Անգլիայի չեմպիոնությամբ: Ժամանակին Փեյսլին Բիլլ Շենկլիի օգնականն էր, բայց հետո կարողացավ գերազանցել ուսուցչին: Նա «Լիվերպուլի» հետ երեք անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց. Սա հարգանքի արժանի ցուցանիշ է: Միայն Անչելոտին անցյալ մրցաշրջանում կարողացավ կրկնել այս հաջողությունը:

Ժոզե Մոուրինյո, 21 տիտղոս

Յուրահատուկը` բոլոր իմաստներով: Որտեղ էլ նա աշխատի, միշտ բարձրագույն արդյունքների է հասնում` շնորհիվ անզիջողականության, տարօրինակության հասնող բնավորության, հաղթելու մշակույթի, որին սովորելով չես հասնի, դա պետք է ներսում առաջանա: Հաջողությունը Մոուրինյոյի մոտ եկավ 2004-ին, երբ նա սենսացիոն ձևով «Պորտուի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Դրան հաջորդեց «Չելսիում» 3 տարվա աշխատանքը, «Ինտերի» հետ աշխատանքը և մադրիդյան «Ռեալում» անցկացրած հակասական շրջանը: Վերջին երեք տարիներին Ժոզեն տիտղոսակիր չէր կարողանում դառնալ ու լիգայի գավաթը վերջապես խախտեց ավանդույթը:



Ջովանի Տրապատոնի, 22 տիտղոս

Իտալացին ևս այն մարզիչներից է, ովքեր աշխատանքի բոլոր վայրերում հաջողությունների են հասնում: Ջովանին հասցրել է աշխատել 4 երկրում` Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում և Ավստրիայում: Ամեն տեղ կարողացել է չեմպիոն դառնալ: Նա նվաճել է եվրոպական բոլոր հնարավոր տիտղոսները` Եվրոպական չեմպիոնների գավաթից մինչև Գավաթակիրների գավաթը: Առավել շատ Տրապատոնին հաղթել է «Յուվենտուսի» հետ. Իտալիայի առաջնության 6 հաղթանակ, Իտալիայի 2 գավաթ, 3 գավաթ միջազգային մրցաշարերում:

Վալերի Լոբոնովսկի, 25 տիտղոս

Ասում ենք Լոբոնովսկի, պատկերացնում ենք Կիևի «Դինամո», որի հետ մարզիչը զգալի հաջողությունների է հասել ազգային մրցաշարերում, եվրոպական հարթակում: Կիևցիների հետ խորհրդային լեգենդար մասնագետը երկու անգամ տոնել է Գավաթակիրների գավաթի առաջնության հաղթանակը, ինչը նախկինում անհասանելի էր ԽՍՀՄ ակումբների համար: ԽՍՀՄ և Ուկրաինայի բազմաթիվ հաղթանակների մասին խոսելու հարկ չկա: Հիմա, երբ Վալերի Վասիլևիչն այլևս ողջ չէ, կիևցիների մարզադաշտը նրա անունն է կրում և դրա դիմաց կանգնեցված է Լոբանովսկու արձանը:

Ջոկ Սթեյն, 26 տիտղոս

Հնարավոր է` Չեմպիոնների լիգան առաջիկա տասնամյակում հաղթեն տասը բրիտանացի մարզիչներ, սակայն Ջոկ Սթեյնն ամեն դեպքում կառանձնանա նրանց շարքում: Հենց նա 1967-ին դարձավ առաջին բրիտանացի մարզիչը, ով նվաճեց Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի գավաթը: Նրա «Սելտիկն» այդ ժամանակ հաղթեց լիսաբոնյան «Սպորտինգին»: Սնեյթը ցույց տվեց նաև, որ Շոտլանդիան տաղանդավոր մարզիչներ ունի: Ջոկը 13 տարի աշխատեց «Սելտիկում», որի հետ հասավ իր գրեթե բոլոր հաջողություններին (դրանցից 10-ը Շոտլանդիայի առաջնության հաղթանակների համար):

Ալեքս Ֆերգյուսոն, 49 տիտղոս

Ֆուտբոլային մարզիչների արտադրամասի գլխավոր լեգենդը: Մինչև «Օլդ Թրաֆֆորդում» հայտնվելն էլ Ֆերգյուսոնը գիտեր, թե ինչ համ ունեն գավաթները. շոտլանդացի մասնագետը հավաքածու ստեղծեց` «Աբերդինի» հետ 3 անգամ երկրի չեմպիոն դառնալով, 4 անգամ նվաճելով Շոտլանդիայի գավաթը և հաղթելով Գավաթակիրների գավաթի խաղարկությունում: Իսկ երբ ապագա սըր Ալեքսը տեղափոխվեց Մանչեսթեր, այնտեղ ևս սկսեց ամեն ինչ ոսկու վերածել ու հաղթել առաջնությունն առաջնության հետևից: 13 անգամ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճեց Անգլիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը, 2 անգամ Չեմպիոնների լիգայինը:դա եղավ 1999 թվականի Չեմպիոնների լիգայի` «Բավարիայի» հետ եզրափակչում, ստացավ «Fergie Time» անվանումը: Ֆերգյուսոնի անհատական մրցականերն ավելի շատ են, քան ակումբայինները, սակայն դրանցից կարևորն ասպետական տիտղոսն է:



sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15